"Հանուն ընտանիքի և առողջության"

համահայկական ասոցիացիա

St.Mary's Clinic

Կազմակերպությունը և նրա առաքելությունը

”Հանուն ընտանիքի և առողջության” համահայկական ասոցիացիան ժողովրդավարական ընդգրկուն կազմակերպություն է, որը գործում է հանուն յուրաքանչյուր անհատի և ընտանիքի առողջության ու բարեկեցության բարելավման` խրախուսելով, ապահովելով և տրամադրելով սեռական ու վերարտադրողական հավասար իրավունքներ, տեղեկատվություն, որակյալ ծառայություններ և սեռական դաստիարակություն, հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդ մարդկանց, կարիքավոր ընտանիքիներին ու անհատներին:

Կազմակերպության հեռանկարը
Ասոցիացիան ակնկալում է տեսնել այնպիսի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր անհատ և ընտանիք ապրում է առողջ և լիարժեք կյանքով, սեռական և վերարտադրողական առողջության հարցերում կատարում ազատ և տեղեկացված ընտրություն, և որտեղ արժևորվում ու պաշտպանվում են գենդերային հավասարությունը և մարդու իրավունքները:

Հիմնական սկզբունքները

Ասոցիացիայի գործունեությունը հիմնված է օրինականության, հրապարակայնության, ինքնակառավարման, իրավահավասարության և կամավորության սկզբունքների վրա: Ասոցիացիայի ամբողջ շահույթը, ապրանքներն ու գույքը ծառայում են միայն կազմակերպության նպատակների ու խնդիրների իրականացմանը և չեն կարող օգտագործվել որևէ անհատի կամ անհատների խմբի կողմից։
Ասոցիացիան խտրականություն չի դնում ռասայական, էթնիկական, ազգային պատկանելության, կրոնական դավանանքի, սեռական կողմնորոշման, հաշմանդամության, կամ քաղաքական հայացքների հիման վրա:
Պտղաբերության կարգավորման և սեռական ու վերարտադրողական առողջության վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու համապատասխան ծառայությունները տրամադրվում են տեղեկացված և կամավոր ընտրության հիման վրա:

Կազմակերպության պատմությունը

Ասոցիացիան հիմնադրվել է 1994 թվականին մի խումբ հայ մտավորականների կողմից, որոնց նպատակն էր նպաստել ընտանիքների և անհատների առողջության ու բարեկեցության բարելավմանը: 1999թ. Ասոցիացիան որպես համակիր անդամ ընդունվեց IPPF միջազգային ֆեդերացիայի եվրոպական ցանցի կողմից, իսկ 2005թ. բարեհաջող անցնելով հավատարմագրման փուլը, դարձավ IPPF-ի լիիրավ անդամ: Այդ հանգամանքը մեծապես նպաստեց կազմակերպության գործունեության ընդլայնմանը, միջագային նոր կապերի հաստատմանն ու զարգացմանը:
Ասոցիացիայի կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում: Ասոցիացիան մասնաճյուղեր ունի Հայաստանի բոլոր 10 մարզերում: Առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավման նպատակով 2003թ. "Հանուն ընտանիքի և առողջության" համահայկական ասոցիացիան հիմնադրեց “Երիտասարդական Վերնիսաժ” ՍՊԸ-ը, որը նպաստեց նաև կազմակերպության կարողությունների զարգացմանը:
Ասոցիացիան կարևորում է երիտասարդ մարդկանց ներուժը: 1999թ. Ասոցիացիայի ծրագրային գործունեության արդյունքում ստեղծվեց “Երիտասարդական ֆորումը”՝ որպես կազմակերպության ոչ պաշտոնական մասնաճյուղ, որն ընդգրկում է Ասոցիացիայի կողմից սեռական և վերարտադրողական առողջության հարցերի շուրջ վերապատրաստված հարյուրավոր հավասարակիցներին ուսուցանողներ: Նրանցից ոմանք դարձել են Ասոցիացիայի լիիրավ անդամներ և ընդգրկված են երիտասարդների վերարտադրողական առողջության և իրավունքների ոլորտում քարոզչության, ռեսուրսների մոբիլիզացման, կառավարման, ռազմավարության և քաղաքականության մշակման գործունեության մեջ: Ասոցիացիայի երիտասարդ անդամները ստեղծել են երիտասարդ հավասարակիցների ցանց, որում ընդգրկված են երիտասարդներ Երևանից և ՀՀ 10 մարզերից:

Սեփականության գոյացման աղբյուրները և դրանց օգտագործման կարգը

Ասոցիացիայի նյութական և դրամական միջոցները գոյանում են մուտքավճարներից, անդամավճարներից, տնտեսական ընկերությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, անհատ քաղաքացիների կողմից ստացվող շնորհներից, նվիրատվություններից, դրամական կամ գույքային օգնություններից և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Կազմակերպության ամբողջ շահույթը, ապրանքներն ու գույքը օգտագործվում են միայն կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար: Ասոցիացիայի հաշվապահական փաստաթղթերը առնվազն տարին մեկ անգամ աուդիտի են ենթարկվում միջազգային արտոնագրություն ունեցող աուդիտորական ընկերության կողմից։

Թիրախային խմբերը

Հիմնական թիրախային խմբերն են երիտասարդները, վերարտադրողական տարիքի չափահաս անձինք, բնակչության առավել խոցելի խավերը, այդ թվում` չքավորներ, փախստականներ, վերաբնակեցվածներ, գաղթականներ և հասարակության կողմից անտեսված ու մերժված մարդիկ: Ասոցիացիայի կողմից իրականացված ծրագրերի անմիջական շահառուներն են եղել տասնյակ հազարավոր անձինք` դեռահասներ, երիտասարդներ, ծնողներ, վերարտադրողական տարիքի կանայք ու տղամարդիկ, համայնքային առաջնորդներ, կազմակերպությունների ղեկավարներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլն:

Անդամությունը

2008թ. դեկտեմբերի վերջի դրությամբ Ասոցիացիան ունի 363 անդամ: Ասոցիացիայի անդամների շարքերում կան տարբեր մասնագիտության տեր մարդիկ, այդ թվում` բուժաշխատողներ, հանրային առողջության մենեջերներ, իրավաբաններ, դեղագործներ, ինժեներներ, կենսաբաններ, գյուղատնտեսներ, լեզվաբաններ, ուսուցիչներ, դերասաններ, երաժիշտներ, լրագրողներ, սոցիալական աշխատողներ, ուսանողներ և այլն: Ասոցիացիայի անդամների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են, անդամների թվում կան նաև սփյուռքահայ կամավորներ:
Ասոցիացիայի բարձրագույն ղեկավար և քաղաքականություն ձևավորող մարմինը Ասոցիացիայի Համագումարն է, որին պատկանում է Ասոցիացիայի կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը: Ասոցիացիայի Համագումարի կազմում ընդգրկված են Ազգային գործադիր վարչության անդամները, Երիտասարդական հանձնաժողովի նախագահը, Երիտասարդական հանձնաժողովի 2 շարքային անդամներ և 11 մասնաճյուղերի պատգամավորներ:

Հիմնախնդիրներ

Ասոցիացիայի գործունեությունը նպատակաուղղված է վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին բնակչության անբավարար իրազեկվածության, բուժկանխարգելիչ ծառայությունների անմատչելիության և մատուցման ցածր որակի հետ կապված հիմնախնդիրների լուծմանը: Ասոցիացիան բնակչությանն ուղղված իր ծրագրերն իրականացնելիս համագործակցում է ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան գործակալությունների, մի շարք միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների հետ:

Ռազմավարությունը

Կազմակերպության 2005-2009թթ. ռազմավարական նպատակներն ու խնդիրները համապատասխանում են IPPF-ի ռազմավարական հայեցակարգին և ունեն հետևյալ ուղղվածությունը.

Նպատակ 1. Դեռահասներ / երիտասարդ մարդիկ

Հայաստանում և արտերկրյա հայկական համայնքներում ապրող բոլոր դեռահասներն ու երիտասարդ մարդիկ, ներառյալ ծնողազուրկ, փողոց ընկած կամ խնամակալական հաստատություններում գտնվող երեխաները, զորակոչիկները, հասարակության կողմից անտեսվածներն ու մերժվածները գիտեն իրենց սեռական և վերարտադրողական իրավունքներն ու առողջ ապրելակերպի սկզբունքները, դրսևորում են խոհեմ սեռական վարքագիծ, ի զորու են այդ հարցերի շուրջ գիտակցված ընտրություն կատարել և որոշումներ կայացնել, ինչպես նաև իրենց գիտելիքները փոխանցել հասակակիցներին։

Նպատակ 2. Աբորտ

Հայաստանում և արտերկրյա հայկական համայնքներում ապրող բոլոր կանայք ու տղամարդիկ, ներառյալ երիտասարդները իրազեկ են աբորտի հետևանքների և անցանկալի հղիության կանխման միջոցների մասին, հնարավորություն ունեն օգտվելու համապատասխան խորհրդատվությունից նաև ժամանակակից, անվտանգ աբորտի ու հետաբորտային բուժօգնության ծառայություններից. նվազել է աբորտների ու հետաբորտային բարդությունների թիվն ու դրանցից բխող երկրորդային անպտղության ցուցանիշը։

Նպատակ 3. Մատչելիություն

Հայաստանում և արտերկրյա հայկական համայնքներում ապրող բոլոր մարդիկ, ներառյալ երիտասարդները, չքավորները, փախստականներն ու գաղթականները, անուշադրության մատնված և սոցիալապես մերժվածները, հնարավորություն ունեն ստանալու սեռական և վերարտադրողական առողջության պահպանման վերաբերյալ տեղեկատվություն, ուսուցում ու որակյալ բուժծառայություններ, ինչպես նաև օգտվել այդ հարցերի շուրջ ազատ և գիտակցված ընտրություն կատարելու իրենց իրավունքներից։

Նպատակ 4. ՄԻԱՎ/ՁԻԱՀ

Հայաստանի մայրաքաղաք Եր□անում, մարզերում, ինչպես նաև արտերկրյա հայկական համայնքներում ապրող բոլոր մարդիկ, մասնավորապես` երիտասարդները, զորակոչիկները, փախստականները, ծնողազուրկները, հաշմանդամները, հասարակության կողմից անտեսվածներն ու մերժվածները, բանտարկյալները, մարմնավաճառները, գաղթականներն ու նրանց զուգընկերները իրազեկ են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղիների մասին, նվազել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նոր դեպքերը, պաշտպանվում են ՄԻԱՎ-վարակակիրների և ՁԻԱՀ-ով հիվանդների իրավունքները, բարելավվել է նրանց կյանքի որակը։

Նպատակ 5. Քարոզչություն

Հայաստանում և արտերկրյա հայկական համայնքներում օրենսդիր և գործադիր մարմինների, քաղաքացիական հասարակության և այլ գործընկերների ֆինանսական զորեղ նվիրվածություն և աջակցություն են տրամադրում մարդկանց սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների պահպանմանը։

Նպատակ 6. Կարողությունների հզորացում և կայունություն

Ասոցիացիան ժողովրդավարական կայուն կազմակերպություն է, որը խթանում և լավագույնս իրականացնում է սեռական և վերարտադրական առողջության ոլորտում իր առջև դրված նպատակներն ու խնդիրները:

Այցելուներին` բարյացակամ” մոտեցում

Ասոցիացիան հավանություն է տալիս և ընդունում է IPPF միջազգային կազմակերպության կողմից հռչակված “Այցելուի իրավունքները”, այն է՝ բուժհաստատության յուրաքանչյուր այցելու իրավունք ունի մեկուսի, գաղտնի, արժանապատիվ և հարմարավետ պայմաններում ստանալ մատչելի, անվտանգ և շարունակական բուժծառայություն ու տեղեկատվություն, նաև ծառայությունների որակի վերաբերյալ ազատորեն արտահայտել իր կարծիքը։
”Հանուն ընտանիքի և առողջության” համահայկական ասոցիացիան IPPF եվրոպական ցանցի և “Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամ” միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իր օժանդակությունն է ցուցաբերել Ասոցիացիային պատկանող “Երիտասարդական Վերնիսաժ” կլինիկայի ու 7 գործընկեր կլինիկաների/բուժհաստատությունների կարողությունների հզորացմանը՝ նպաստելով վերարտադրողական առողջության ծառայություններում “Այցելուներին՝ բարյացակամ” մոտեցման ներդրմանը: 2005-2008 թ.թ. առողջապահության նախարարության հետ համատեղ ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ, հանրապետության 32 բուժհաստաթյուններում և կրթօջախներում ներդրվեց “Երիտասարդներին՝ բարյացակամ” մոտեցումը։

Գործունեությունը

Իրականացված ծրագրերը.

1995-1996թթ. Դեռահասների և երիտասարդների սեռական առողջության իրավիճակի համաճարակաբանական հետազոտություն Երևանում և Կոտայքի մարզում (գործընկեր՝ ՀՀ առողջապահության նախարարություն, հովանավոր՝ UNFPA):
1996-1997թթ. Երևանի և Կոտայքի մարզի 36 հանրակրթական դպրոցների առաջնորդ դեռահասների, ինչպես նաև նրանց ծնողների և ուսուցիչների սեռական առողջության վերաբերյալ իրազեկության բարձրացման ծրագրի իրականացում (հովանավոր՝ SC/USAID)։
1997 թ. Արարատի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի վերարտադրողական առողջության հաստատությունների ենթակառուցվածքի, ռեսուրսների և ցուցանիշների ուսումնասիրություն և գնահատում (հովանավոր՝ UNICEF)։
1997-1998թթ. Վերարտադրողական առողջության համաճարակաբանական հետազոտություն կանանց և տղամարդկանց շրջանում (գործընկեր՝ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն (հովանավոր՝ UMCOR):
1997-1998թթ. Երևան քաղաքի հանրակացարաններում բնակվող փախստականների և վերաբնակեցվածների վերարտադրողական առողջության իրավիճակի համաճարակաբանական հետազոտություն, նաև տեղեկատվության, խորհրդատվության և առաջնային բուժօգնության տրամադրում (գործընկերներ՝ “Ընտանիքի առողջության և բարեկեցության կոնսորցիում”-ի անդամ ՀԿ-ներ, հովանավոր՝ UNHCR):
1997-1998թթ. Երևանում Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցին կից “Պարմանիների առողջության կենտրոն”-ի ստեղծում և այդ կենտրոնի ինստիտուցիոնալ կարողությունների խթանում (գործընկեր՝ Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց, հովանավորներ՝ SC/USAID, UNICEF):
1999-2000թթ. “Առողջ պարմանի” փորձարարական ծրագրի իրականացում Երևանում և մարզային 6 դպրոցներում, Արևելյան Եվրոպայի այլ ՀԿ-ների փորձի ուսումնասիրություն և տեղեկատվության փոխանակում (գործընկեր՝ ՀՀ գիտության և կրթության նախարարություն, հովանավոր՝ IPPF/NTF):
2001 թ. “Երեխաներին՝ այո” համաշխարհային քարոզարշավի շրջանակներում երիտասարդների հանրապետական հավաքի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ուղղված լավագույն պաստառի մրցույթի կազմակերպում և լավագույն պաստառների ալբոմի հրատարակում (հովանավորներ՝ IPPF և UNICEF):
2001 թ. Նախադպրոցական տարիքի երեխաների անձնական և սոցիալական զարգացման ծրագրի իրականացում, 1700 ծնողների և խնամակալների հետ հանդիպումների և խորհրդատվության կազմակերպում, “Մեր փոքրիկը մեծանում է” տեսաժապավենի ցուցադրում և քննարկում (հովանավոր՝ UNICEF):
2002-2003թթ. “Ընտանիքի առողջության և բարեկեցության կոնսորցիում”-ի անդամ 5 ՀԿ-ների հետ համատեղ “Հանուն առողջ սերնդի և ազգի գոյապահպանման” քարոզչական ծրագրի իրականացում (հովանավոր` Համաշխարհային ուսուցում/USAID)։
2001-2003թթ. “Կանանց, տղամարդկանց և երիտասարդների վերարտադրողական առողջության բարելավում” (գործընկերներ՝ ՀՀ ԱՆ, ԵրՊԲՀ, ՊՄևԳԿ, հովանավոր՝ UNFPA):
2003-2005թթ. Վերարտադրողական առողջության ծառայությունների որակի բարելավում և “Այցելուներին՝ բարյացակամ” մոտեցման ներդրում (գործընկերներ՝ IPPF-EN և Bil and Melinda Gates Foundation)։
2003-2007թթ. “Երիտասարդություն և կառավարում” (հովանավորներ՝ IPPF-EN, ԸԱՀԱ-ի կողմից հիմնադրված ՍՊԸ-ներ):
2004 թ. “Դեռահասների իրավունքների և սեռական ու վերարտադրողական առողջության խթանում” քարոզչական ծրագիր (հովանավոր՝ IPPF-EN):
2005-2006թթ. “Սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ հարցերում ընտրության իրավունքի ապահովում երիտասարդ մարդկանց համար” (հովանավոր՝ UNFPA):
2005-2006թթ. “Հայաստանում երիտասարներին` բարյացակամ ծառայությունների ընդլայնում” (հովանավոր` UNICEF)։
2005-2007թթ. Քարոզչություն ՍՎԱ հարցերի շուրջ. “Բնակչության և զարգացման միջազգային կոնֆերանսի գործողությունների ծրագրին նվիրված առաջին համահայկական կլոր սեղան “Դեպի հեռանկար”, 2005թ. (հովանավորներ` IPPF/EC, UNFPA)։

 Ընթացիկ ծրագրեր.

1995թ.-ից “Հանուն ընտանիքի և առողջության” ասոցիացիա ՀԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում (հովանավորներ՝ IPPF և ԱՀՀ-ՀԿ-ների ուսուցման և տեղեկատվական միջոցների կենտրոն/USAID):
2005թ.-ից “Հայաստանում աբորտների թվի նվազում և դրանց անվտանգության ապահովում” (հովանավոր` IPPF-EN, IPPF-Innovation Fund):
2008թ-ից “Մարդու վերարտադրողական իրավունքների կիրառման ապահովում” (IPPF/DFID)

 Մեր հրատարակումներն ու թողարկումները

  • “Եկեք խոսենք սեքսի և սեռական առողջության մասին” (հայերեն և ռուսերեն - 1996թ.
  • “Վերարտադրողական առողջությունը Հայաստանում”՝ վերարտադրողական առողջության համաճարակաբանական համազգային հետազոտության արդյունքներն ամփոփող զեկույց - 1998թ.
  • “Սեռական առողջության այբբենարան”՝ գիրք դեռահասների համար - 1999թ.
  • Վերարտադրողական իրավունքների ամենամյա օրացույցներ - 2000-2006թթ.
  • “Դեռահասների առողջության պահպանումը գերակա խնդիր է Հայաստանում”՝ սեռական և վերարտադրողական հարցերում դեռահասների և չափահասների գիտակության, վերաբերմունքի ու կենսափորձի համաճարակաբանական հետազոտության և դեպքերի վերլուծության արդյունքները - 2002թ.
  • “Եկեք խոսենք “դրա” մասին”՝ տեսաերիզների շարք (7 տեսաժապավեն) - 2003թ.
  • “Փակ դռների ետևում”՝ ամսաթերթ - 2002-2003թթ.
  • “1000 ու 1 հարց սեռական առողջության մասին”՝ գիրք դեռահասների համար - 2000 և 2002թթ.
  • “Նամականի. անկեղծ խոստովանություններ”՝ գիրք դեռահասների համար - 2002թ.
  • “Մենք մեծանում ենք, մենք փոխվում ենք”՝ ձեռնարկ հասակակիցներին ուսուցանողների համար - 2002թ.
  • “Սեռական դաստիարակության ուղեցույց”՝ ձեռնարկ ուսուցիչների համար - 2002թ.
  • “Տեղեկատվական թերթիկների հավաքածու”՝ վերարտադրողական առողջության հարցերի շուրջ (43 անուն) - 2000-2005թթ.
  • “Հայ երեխաները ՁԻԱՀ-ի մասին”՝ երեխաների կողմիծ պատրաստված լավագույն պաստառների հավաքածու - 2002թ.
  • Պաստառներ վերարտադրողական իրավունքների, աբորտի և ընտանիքի կազմավորման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի , “Երիտասարդներին՝ բարյացակամ” ծառայությունների վերաբերյալ - 1997-2004թթ.
  • “Փակ դռների ետևում”՝ ամսագիր -2004-2005թթ.
  • “Դեռահասների առողջությունը Հայաստանում”՝ վերարտադրողական առողջության համաճարակաբանական համազգային հետազոտության արդյունքները - 2005թ.
  • “Հավասարակիցների ուսուցանում”՝ ձեռնարկ դասավանդողների ուսուցման համար (թարգմանություն անգլերենից և ադապտացում) - 2004թ.
  • “Բուժծառայությունների մատուցման ուղեցույց սեռական և վերարտադրողական առողջության պահպանման ծառայություններ տրամադրողների համար”՝ (թարգմանություն անգլերենից և ադապտացում) - 2005թ.
  • “Վերարտադրողական առողջության և բեղմնականխման համառոտ ձեռնարկ”՝ (թարգմանություն ռուսերենից և ադապտացում) - 2005թ.։
 

Հասցե՝/font>

Հայաստանի Հանրապետություն, 0048, Երևան

Արմենակյան փ. 123

Հեռ.՝ (37410) 65-36-65, 65-38-65, 65-39-65

Էլ.փոստ.՝ armfha@armfha.com

Կայք.՝ Հայերեն տարբերակ